ԲՀԿ-ի Կենտրոնի տարածքային կազմակերպությունը որոշել է կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին: Բնականաբար՝ կատարվել է կուսակցության նախագահի հրահանգը՝ պահպանել կուսակցության կանոնադրությունը: Դատելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից՝ Էլինար Վարդանյանը կապերը գրեթե խզել է կուսակցության հետ ու չի էլ պատասխանում կուսակիցների հեռախոսազանգերին: Իսկ Էլինար Վարդանյանը շարքային պատգամավոր չէ՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ է, ԱԺ պատվիրակությունների անդամ և նրան կուսակցությունից հեռացնելը չի կարող լինել միայն ներկուսակցական տարաձայնությունների խնդիր: Որոշում է կայացվել հանրային ու հրապարակային գործչի վերաբերյալ, որ մի քանի տարի ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կառույցներում և պետական քաղաքականություն է իրականացրել խորհրդարանում՝ լինելով հանձնաժողովի նախագահ: Եթե ԲՀԿ նախագահի հայտարարությունները իրոք համապատասխանում են իրականությանը, նվազագույնը տարօրինակ է, որ միայն հիմա է հարցը քննարկվում՝ այդքան չարամիտ «անկուսակցական» կուսակցականի ինչպե՞ս են հանդուրժել իրենց կուռ շարքերում: Իսկ եթե իսկապես որոշումը առնչվում է սահմանադրության նախագծի քվեարկությանը, որին չեն մասնակցել Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, ինչո՞ւ է «պատիժը» վերաբերում միայն Էլինար Վարդանյանին: Թե՞ նրանից պարզապես սկսվում է, հաջորդելու է մյուսների հեռացումը ևս: Տարօրինակ չէ՞, որ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարող էր այդ օրը «քաղաքում չլինել», իսկ մյուսները այդ արտոնությունը չունեն: Փաստացի՝ Նաիրա Զոհրաբյանը փայլուն շարունակում է Գագիկ Ծառուկյանի ժամանակների նույնքան «փայլուն» ավանդույթները՝ ոչ միայն վճռորոշ քվեարկությունների ժամանակ քաղաքից բացակայել, այլև՝ պարբերաբար կուսակցական շարքերի «զտումներ» անցկացնել՝ հավատարիմների ու անհավատարիմների միայն սեփական չափանիշներով: Իսկ այդ ցանկը երկար է՝ սկսած Արևիկ Պետրոսյանից, Վարդան Բոստանջյանից, Արամ Սաֆարյանից, Խաչիկ Գալստյանից մինչև այսօրվա «թեկնածուները»: Գուցե այն ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանն ընդամենը որոշումը հաստատող է եղել, իսկ որոշողը եղել է մեկը, ում բոլորովին պետք չէր որևէ խելացի ու մտածող, նաև անծպտուն հանձնարարությունները կատարող մրցակցի առկայությունը «թագավորի» շքախմբում: Իսկ կուսակիցներն այն ժամանակ ամեն ինչ տեսնում էին ու լռում՝ չգիտես վախի՞ց, կուսակցական կարգապահությունից ու համերաշխությունի՞ց ելնելով, թե՞ վստահ, որ այդ ուղտը իրենց դռան տեղը չի գտնելու: Բայց փաստորեն լավ էլ գտնում է՝ հասցե առ հասցե:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կապե՞լ ԲՀԿ-ում կատարվողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեփական թիմ հավաքելու մտադրության հետ: Իսկ կա՞ այդ մտադրությունը: Եթե կա, վստահաբար ԲՀԿ-ից վերջին հեռացվողը, իսկ գուցե և հեռացողը Էլինար Վարդանյանը չի լինելու: Որքան էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասի, որ այդ գործընթացները Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առնչություն չունեն և չէին էլ կարող ունենալ: Հակառակն ասել նա պարզապես չի կարող: Ամեն ինչ իր ժամանակն ունի: